28/09/2022 11:33
ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան
Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չեն կարողանում նաև ներգրավվել մեր գործընկեներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար։
Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր։ Սա հերթական ձախողումն է ընտրած կուրսի», - հայտարարեց Քոչարյանը։
Նա նշեց, որ վերջին իրադարձությունների ներքո Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել է։
Երկրորդ նախագահի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու լծակները ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից։
«Այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը սեփական ուժերի շրջանակներում, ուղղակի հանցավոր անգործություն է։ ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։
Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, «պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ-ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել և բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված», - հայտարարեց Քոչարյանը։