29/09/2022 21:00
Օրվա ընթացքում քնկոտության զգացում՝ նույնիսկ հագեցած քնի պարագայում. Հիպերսոմնիա
Հիպերսոմնիան հիվանդություն է, որը կապված է քնի տևողության ավելացման հետ։ Սովորաբար այս հիվանդությամբ տառապող մարդիկ գիշերը քնում են տասը ժամից ավելի, ինչը նորմայից մեկ քառորդով ավելի է, իսկ օրվա ընթացքում անընդհատ քնկոտության զգացում է ապրում։ Հիպերսոմնիան պետք է տարբերել ցերեկային քնկոտությունից, որն առաջանում է գիշերային անբավարար քնից:
Այս հիվանդությունը հաճախ հանդես է գալիս որպես սինդրոմ, կամ հանդիսանում որոշակի դեղամիջոցներ ընդունելու կողմնակի ազդեցություն։ Հիպերսոմնիան կարող է դրսևորվել երկար ժամանակ և ընդունել այսպես կոչված իդիոպաթիկ ձև։
Կլինիկական պրակտիկայում հիպերսոմնիան դասակարգվում է ըստ առաջացման պատճառների, ուստի առանձնանում են հետևյալ ձևերը՝
հետտրավմատիկ,
հոգեֆիզիոլոգիական,
հոգեբուժական,
նարկոլեպտիկ,
իդիոպաթիկ,
առաջացած սոմատիկ հիվանդությունների ֆոնին։
Հիվանդության հիմնական պատճառներն են
երկարատև մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածություն և քնի պակասի հետ կապված սթրես,
որոշակի դեղամիջոցների ընդունում (հանգստացնողներ),
ուղեղի տրավմատիկ վնասվածքի հետևանքով կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ,
ցածր արյան ճնշում,
ներուղեղային ուռուցքի, հեմատոմայի, ուղեղի թարախակույտի առկայությունը,
քնի խանգարման համախտանիշ (քնի ժամանակ շնչառության դադարեցում, բարձր խռմփոց),
վարակիչ հիվանդությունների առկայությունը,
անոթային, հոգեկան խանգարումներ,
սոմատիկ հիվանդություններ (լյարդի ցիռոզ, շաքարային դիաբետ, սրտի կամ լյարդի անբավարարություն),
գիշերը միզելու հաճախակի ցանկություն,
ժամային գոտիների փոփոխություն։
Հիպերսոմնիայի առկայության հիմնական ցուցանիշը մշտական կամ պարբերական ցերեկային քնկոտությունն է՝ գիշերային քնի երկար տևողությամբ (12-14 ժամ): Արթնանալուց հետո այս ախտորոշմամբ հիվանդները երկար ժամանակ մնում են արգելակման վիճակում։ Երբեմն քնկոտության նոպաներն այնքան անդիմադրելի են լինում, որ հիվանդը քնում է ցանկացած դիրքում և ամենատարբեր վայրերում։
Անհրաժեշտ է տարբերակել հիպերսոմնիան քրոնիկ հոգնածության համախտանիշից, դեպրեսիան, ասթենիան և բացառել ուղեկցող սոմատիկ հիվանդությունների առկայությունը։ Դրա համար լրացուցիչ նշանակվում են այնպիսի մասնագետների խորհրդատվություններ, ինչպիսիք են ակնաբույժը, էնդոկրինոլոգը, գաստրոէնտերոլոգը, սրտաբանը, թերապևտը:
Այս հիվանդության բուժումը հիմնականում կախված է հիվանդության պատճառներից և կարող է ներառել՝
հակադեպրեսանտներ,
խթանող դեղամիջոցներ ցերեկային քնկոտությունը նվազեցնելու համար։
Որպես բուժման լրացուցիչ մեթոդ, խորհուրդ է տրվում սահմանել քնի հստակ գրաֆիկ՝ գիշերային քունը չի գերազանցում 9 ժամը, ցերեկային ժամերին նախատեսված է 1-2 քուն՝ 45 րոպեանոց, գիշերային և երեկոյան աշխատանքը բացառվում է։
Բուժման ժամանակահատվածում սուրճը, սև թեյը և ծանր սնունդը (հատկապես գիշերը) պետք է սահմանափակվեն կամ ամբողջությամբ բացառվեն սպառումից, պետք է խուսափել ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։