29/09/2022 20:06
Գեղարքունիքում ավերվել են տներ, թիրախավորվել են դպրոցները, մանկապարտեզները, քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ․ Սոթքի հանքն այժմ աշխատում է հզորության 40 տոկոսով․ Մարզպետ
Հայաստանում հավատարմագրված դեսպանների և լրագրողների հետ հանդիպմանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է՝ Սոթքի ոսկու հանքն այժմ աշխատում է։
«Ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել էր Սոթքի հանքի գործունեությունը։ Այնուհետև ևս 3 օր չի աշխատել հանքը։ Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով»,–ասել է մարզպետը։
Նա ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերին, ուսումնական կենտրոններինհասցված վնասը․ 12 դպրոցում դեռևս դասապրոցես չի իրականացվում, 1245 աշակերտ զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։
«Երեք բնակավայրում ավերվել են տներ, թիրախավորվել են դպրոցները, մանկապարտեզները և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: 148 բնակարան վնասվել է Սոթքում, 12 բնակարան վնասվել է Կութում և 2 բնակարան՝ Վերին Շորժայում: Սոթքում 7 տուն ամբողջությամբ ավերված է և նորը կառուցելու խնդիր ունենք: Մնացածի մասով կարիքներն ամբողջությամբ գնահատված են, առաջիկա օրերին բնակիչներին կլինեն փոխանցումները, որ սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները»,-ասել է մարզպետը:
Սարգսյանը հավելել է, որ ռմբակոծությունների հետևանքով 12 բնակավայրերի բոլոր դպրոցները, նաև՝ Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր դպրոցները դասապրոցես չեն իրականացրել: 7072 աշակերտ չի հաճախել դպրոցներ, 897 երեխա՝ մանկապարտեզներ ու նախակրթարաններ:
«Այս պահի դրությամբ 12 դպրոցներում ևս դասապրոցեսներ չեն իրականացվում՝ նկատի ունենալով անվտանգության խնդիրները: 1245 աշակերտ չի հաճախում դպրոց», նշել է Կարեն Սարգսյանը։