29/09/2022 15:47
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիք՝ տեսնելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին դիմավորեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նախատեսվում է այցելություն մարզի Կութ համայնք։ Այնուհետև Վարդենիսում բացման խոսքով հանդես կգա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, իսկ մարզում իրավիճակը կներկայացնեն մարզպետ Կարեն Սարգսյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ինչին կհաջորդի դիվանագետների և լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանը։
Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզում սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը, որոնցից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է։ Վարդենիս համայնքի Չարենցի փողոցն արկի հարվածից վնասվել է: Ներքին Շորժա բնակավայրում հոսանքազրկվել են հեռախոսային և ինտերնետ կապերը (այժմ վերականգնվել է): Վերին Շորժա բնակավայրում վնասվել են թվով 8 բնակելի տներ, հրդեհվել են 5 բնակիչների 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի տարածքներ: Կուտական բնակավայրում սատկել է 1 գլուխ կով: Սոթք բնակավայրում վնասվել է վարչական շենքը, դպրոցի պատուհանները և մասնակի տանիքը, մասնակի վնասվել են մոտ 120 բնակելի տներ (մոտ 60-ը՝ ամբողջությամբ): Կութ բնակավայրում վնասվել է գյուղապետարանի շենքը և բուժկետը, 2 բնակչի օժանդակ կառույցը, 1 ավտոմեքենա, 2 անասնագոմ: