29/09/2022 10:02
«Ժողովուրդ». ՔՊ պատգամավորների մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել վարչապետի հետ հանդիպումից հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, հանդիպմանը մասնակցել են նաև կառավարության այլ անդամներ ևս, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ վարչության այլ անդամներ ևս։ Հանդիպման սկզբում հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրան նաև հարցեր են ուղղել։
Մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել շատ բաց խոսակցություն, և Փաշինյանը չի թաքցրել ոչինչ և մանրամասն ներկայացրել է երկրում առկա վիճակը։ Պատգամավորների մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել վարչապետի հետ հանդիպումից և նրա անկեղծ և բաց տեքստով խոսքերից հետո։ Հանդիպմանը ներկա են եղել ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։ Ինչպես շատ այլ հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս պայմանավորվածություն է եղել խոսակցությունը պահել փակ դռների հետևում»։