29/09/2022 13:47
Կառավարության պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ զգալիորեն նվազել է. Նախարար
Նախատեսվում է, որ այս տարի կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53 տոկոսից ցածր կլինի՝ 2021-ի 60.3 տոկոսի համեմատությամբ, իսկ 2023-ի համար պետությունը նախատեսում է պարտքային միջոցների ներգրավումն իրականացնել այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում: Կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Եթե 2021 թվականի արդյունքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով կառավարության պարտքն ավելի կառավարելի և անվտանգ միջավայրում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը: 2023 թվականի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում», - ասաց Խաչատրյանը: