29/09/2022 10:23
«Ժողովուրդ». Ի՞նչ որոշում կկայացնի դատախազությունը Մելիքսեթ Պողոսյանի որդու քրեական վարույթով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1,5 տարի անց նախաքննական մարմինը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու քրեական վարույթով մինչև վերջ գնալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հիմա գնդակը դատախազության դաշտում է, տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի դատախազությունը:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ, ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին և մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել էին համաձայնության հասնել և հաշտվել, ավելին՝ նախաքննական մարմինը որևէ առերեսում չարեց կողմերի հետ, ու այս վիճակով գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, և նրան տեղափոխել էին Երևան: Այնուհետև հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել»։