29/09/2022 10:18
«Ժողովուրդ». Բրիտանացիներն ասում են՝ արգելվում է, իսկ Հայաստանից հակադարձում են, թե ոչինչ չեն խախտել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որևէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղի մոտ: ՀՀ նախագահի հետ կապված այդ միջադեպը, հիշեցնենք, միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցների քննադատությանն էր արժանացել: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնել էին. «Վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որևէ խախտում տեղի չի ունեցել»:
Ի՞նչ է ստացվում. աշխարհի մի շարք կշիռ ունեցող ԶԼՄ-ներ քննադատում են Վահագն Խաչատուրյանի՝ հանգուցյալի աճյունի մոտ դրսևորած ոչ ընդունելի, էթիկական նորմերը խախտող վարքագիծը՝ նշելով, որ ցուցանակ է փակցված եղել լուսանկար անելու արգելքի մասին, իսկ Հայաստանից հակադարձում են, թե ոչինչ չեն խախտել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ենթադրել կարելի է, որ հետայսու սգո բոլոր արարողությունների ժամանակ կարելի է անգամ դիրքավորվել, ապա նոր լուսանկարվել»։