29/09/2022 10:33
ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում՝ իր հետ բերելով հավելյալ անվտանգության երաշխիքներ. Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ԱՄՆ-ի միջնոդությամբ հանդիպել է ադրբեջանական կողմի հետ, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հանդիպումը գնահատել է «արդյունավետ»:
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաները: Դրանք առնչվում են ապաշրջափակման, դելիմիտացիայի, սահմանային անվտանգության, ինչպես նաև այլ հարցերի հետ, որոնք տարածաշրջանին բերում են կայունություն և խաղաղություն», - ասել է Գրիգորյանը:
Իր հերթին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հանդիպմանը՝ թվիթերյան գրառման միջոցով երախտագիտություն հայտնելով ամերիկյան կողմին հանդիպման համար: Իր գրառման մեջ Հաջիևը նշել է՝ «Մենք բարձր ենք գնահատում Ջեյք Սալիվանի ջանքերը Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպման համար՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության օրակարգը քննարկելու և առաջ մղելու համար»:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:
«Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում», - ասել է նա։
Գրիգորյանը հիշեցրել է, որ, բացի իրենց հանդիպումների ձևաչափից, հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այլ ձևաչափերով ևս՝ արտգործնախարարների, փոխվարչապետերի ու ազգային անվտանգության ծառայության պետերի մակարդակով: Այս ամենի հետ մեկտեղ, ըստ Գրիգորյանի, առկա են նաև երկրի ղեկավարների հանդիպումները, որոնք կապված են այլ ձևաչափերում արձանագրված առաջընթացի հետ:
Նա մատնանշել է երկու հիմնական գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ: Ըստ նրա՝ դրանք են հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունը:
«Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավվումը, ով մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոններն են կարևոր դեր խաղացել, այսինքն՝ հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը», - ասել է Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը շեշտել է՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ: