30/09/2022 18:49
Խրոնիկական տոնզիլիտ. Հիվանդության սրացումներն ու կլինիկական պատկերը
Հիվանդությունը հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ, առաջացնելով աշխատունակության երկարատև կորուստ` հաճախակի ռեցիդիվների և ներքին օրգանների կողմից զարգացող բազմաթիվ բարդությունների պատճառով:
Այսպիսով, խրոնիկական տոնզիլիտը քմային նշիկների ավշային հյուսվածքի զուտ քրոնիկական բորբոքում չէ. այն տեղային և ընդհանուր ախտանիշների բարդ համակցություն է, որն ընթանում է սրացումներով:
Քմային նշիկների յուրահատուկ կառուցվածքը պայմաններ է ստեղծում բերանի խոռոչ թափանցող բազմաթիվ միկրոօրգանիզմների ներծծման համար: Ալերգիկ վիճակն այսպիսով հարաճում է:
Կլինիկական պատկերը ոչ միշտ է արտահայտված: Կան բազմաթիվ ախտանիշներ, որոնց զուգակցումը կարող է օգնել ախտորոշմանը:
Խրոնիկական տոնզիլիտի հիմնական ախտանիշներն են՝ հաճախակի կրկնվող անգինաներ (տարին 2-3 անգամ կամ ավելի հաճախ), որոնք ընթանում են օրգանիզմի բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլություն, չպատճառաբանված գլխացավեր, ջերմություն: Դիտվում է ստործնոտային ավշային հանգույցների մեծացում և ցավ, տհաճ հոտ բերանից:
Առանձնահատուկ դեպքերում ոչ բոլոր վերը նշված ախտանիշներն են հայտնաբերվում: Երբեմն ախտորոշումը հաստատվում է առանձին ախտանիշների կամ դրանցից երկուսի զուգակցման հիման վրա: Բուժման տեսանկյունից տարբերում են խրոնիկական տոնզիլիտի երկու հիմնական տեսակ: Որոշ դեպքերում այն կարող է բուժվել կոնսերվատիվ եղանակով, այլ դեպքերում ՝ պահանջվում է վիրաբուժական միջամտություն:
Կոնսերվատիվ բուժման նպատակն է սանցիայի ենթարկել նշիկների փոսիկները և վերականգնել օրգանիզմի դիմադրողականությունը: Տարածված է նշիկի փոսիկների լվացումը հականեխիչ լուծույթներով. այն կրիպտաներից հեռացնում է թարախային խցանները և մեռուկային զանգվածները:
Ֆիզիոթերապևտիկ բուժումը ներառում է տեղային ավշահանգույցների ԳԲՀ - թերապիան, ցածր հաճախականության ուլտաձայնային բուժումը, էլեկտրոֆորեզը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը և այլն:
Վիրաբուժական բուժումը ներառում է տոնզիլէկտոմիան, կրիովիրաբուժությունը (եթե կան հակացուցումներ սովորական վիրահատության համար, օր.՝ արյան համակարգային հիվանդությունները) և ուլտրաձայնը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։