30/09/2022 15:21
Տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ. Հակոբ Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, Թվային բարեփոխումների, Սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, Վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ:
Նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները և տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության և կիբեռանվտանգության ուղղություններով:
Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ:
Կարևորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: