30/09/2022 11:42
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների ընթացքում խոսք չկա և չի կարող լինել «արտատարածքային միջանցքի» մասին. ՌԴ փոխվարչապետ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների ընթացքում խոսք չկա և չի կարող լինել «արտատարածքային միջանցքի» մասին, որն ինչ-որ կերպ կարող էր խախտել կողմերից մեկի ինքնիշխանությունը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն այսպես է հնչում. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհը անցնում է»։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական ճանապարհով՝ ադրբեջանական։ Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքն ու հստակ հետևում է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումներին», - նշել է նա։
Հարցին, թե եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման ռեժիմը լինի այնպիսի՞ն, ինչպիսին բոլորը սովոր են սովորաբար տեսնել նորմալ հարաբերություններ ունեցող երկրների միջև՝ Օվերչուկը պատասխանել է. «Միանգամայն ճիշտ եք։ Մենք դրան ենք գնում»։