30/09/2022 17:22
Կտրականապես համաձայն չեմ «կապիտուլյացիա» բառի գործածմանը՝ ցանկացած լուծման համատեքստում․ Ռուբինյան
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հայտարարել է՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ՝ ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության, այլև ընդհանրապես ցանկացած լուծման համատեքստում։
«Մեզ պետք է լուծում, և պետք է այնպիսի լուծում, որը կապահովի հարատև խաղաղություն և կապահովի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կառավարությունը գնում է այդ ուղղությամբ և պատրաստ է անել ամեն ինչ, այդպիսի լուծման հասնելու համար։ Բայց ես, օրինակ, տեսնում եմ, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում շատ է հնչում կապիտուլյացիա բառը։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ բառի գործածմանը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում, այլ ընդհանրապես ցանկացած լուծման համատեքստում։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն, այո՛, ծանր պայմաններով զինադադար էր, բայց կապիտուլյացիա չէր, և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա։ Հայաստանի Հանրապետությունը՝ և՛ ինքնիշխանությունը, և՛ տարածքային ամբողջականությունն ամեն գնով պահելու է, խոսքը լուծումների մասին է»,- ասել է Ռուբինյանը։