30/09/2022 10:06
«Հրապարակ». Փաշինյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին փոխարինող է փնտրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում», որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքներն այնքան են զայրացրել նրան, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ 8 օր վճարվող և 2 օր՝ չվճարվող, մինչև հոկտեմբերի 7-ը։ Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում նրան ազատեն պաշտոնից։
Հիշեցնենք, որ մարզի 4 համայնքներում տեղի ունեցան ընտրություններ՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Տավուշ, Ալավերդի։ Ալավերդիում առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, Լոռի Բերդում թեպետ ՔՊ-ն է հաղթել, բայց մարզպետի շնորհքը չէ, դա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, և հայրն անձամբ է համակարգել ընտրական աշխատանքները։ Ինչ վերաբերում է Գյուլագարակին, ապա այստեղ ընտրություններից մի քանի օր առաջ երրորդ ուժի ցուցակից 19 թեկնածուի պարտադրել են ինքնաբացարկ գրել և ԿԸՀ-ի որոշմամբ չեղարկել են մասնակցությունը, սակայն դա էլ չի օգնել՝ ՔՊ-ն «50+1» չի հավաքել։ Անցած տարի էլ Խաչատրյանը ձախողել էր Վանաձորի ընտրությունները՝ գլխավորելով ՔՊ ցուցակը, մինչև հիմա Վանաձորը խելքի չի գալիս, իսկ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելն անընդհատ Փաշինյանի երեսով են տալիս»։