30/09/2022 14:19
Էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի հիմնական խնդիրը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգիայի սպառումը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է. Փորձագետ
Շենքերի սերտիֆիկացումը որոշակի փուլում պետք է դառնա պարտադիր, ինչը հնարավոր կլինի հետևողական աշխատանքի արդյունքում, «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականություն, հաշվետվայնություն ու հավաստագրում) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» սեմինար-քննարկմանն այս մասին ասել է միջազգային փորձագետ Ստանիսլավ Անդրեևը։
Միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի նոր ձևանմուշի մշակմանը, Հայաստանում իրավական դաշտի հարմարվողականությանը, նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերի պարտադիր սերտիֆիկացմանն ու շինարարական նորմերի վերանայմանը և այլ հարցերի։
Միջազգային փորձագետներ Ստանիսլավ Անդրեևը և Ցվետոմիրա Կուլևսկան ներկայացրել են շենքերի ոլորտում ՉՀՀ համակարգի ներդրման եվրոպական փորձը։
«Միջազգային փորձագետները կոնկրետ առաջարկներ կներկայացնեն և օգնություն ցույց կտան հայաստանյան մասնագետներին, որպեսզի կարողանանք Հայաստանի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել միջազգային նորմերին»,- ասաել է ծրագրի փորձագետ-խորհրդատու Տիգրան Սեկոյանը։
Նրա խոսքով՝ էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի հիմնական խնդիրը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգիայի սպառումը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է․ «Մենք փորձում ենք այս ծրագրով ապահովել մատչելի, հուսալի և կայուն էներգիա բոլորի համար։ Խթանելով ներդրումները՝ շուրջ 20 տարվա ընթացքում նախատեսում ենք 1.4 մլն. տ CO2 կրճատում, «կանաչ» աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում»։
Ստանիսլավ Անդրեևի խոսքով՝ Հայաստանի համար իրենց խորհուրդները հիմնված են տարբեր վերլուծությունների վրա։
«Առանց պատասխանատվություն ստանձնող մարմնի գործընթացը չի կարող գործարկվել, նաև կարևոր է ոլորտում ունենալ վերապատրաստված էներգետիկ աուդիտորներ։ Շենքերի սերտիֆիկացումը որոշակի փուլում պետք է դառնա պարտադիր, ինչը հնարավոր կլինի հետևողական աշխատանքի արդյունքում»,-նշել է Ստանիսլավ Անդրեևը։
Ցվետոմիրա Կուլևսկայի խոսքով՝ իրենց առաջիկա աշխատանքները կենտրոնացված են լինելու օրենսդրական հարցերի շուրջ՝ օգնելու Հայաստանին կարգավորել առանջային էներգիայի, արտանետումների, սերտիֆիկացման պահանջների, գրեթե զրոյական էներգասպառման շենքերի սահմանման և այլ հարցեր։
Մասնագետների հաջորդ այցը Հայաստան նախատեսվում է նոյեմբերին, որի ժամանակ հիմնականում քննարկվելու են տեխնիկական հարցեր։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո: