01/10/2022 19:20
Կանանց մոտ հանդիպող գլխուղեղի անոթային հիվանդություն. Միգրեն
Միգրենը արտահայտվում է գլխի աջ կամ ձախ կեսի նոպայաձև ցավով: Այն ավելի շատ կանանց բնորոշ հիվանդություն է։ Հիմնականում կապված է գլխուղեղի թաղանթների անոթների լարվածության նյարդային կարգավորման խանգարմամբ, որը հաճախ զուգակցվում է անոթային հիվանդությունների հանդեպ ընտանեկան և ժառանգական պայմանավորվածությամբ:
Հիվանդությունը սկսվում է սեռական հասունացման շրջանում։ Նոպաները սովորաբար հաջորդում են հուզումներին ու գերլարվածությանը: Նոպաների հաճախությունն ու ուժգնությունը ենթակա են փոփոխման` կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են տարիքը, կենսակերպը, աշխատանքի ոճը, սննդի ռեժիմը։
Միգրենի նոպայից առաջ հիվանդների մոտ խիստ քաղցի ու ծարավի զգացում է նկատվում, ինչպես նաև քնելու անընդհատ ցանկություն ու տրամադրության կտրուկ անկում։ Այս հիվանդության ժամանակ օջախը հիմնականում տեղակայված է լինում քթի շրջանում, ուժեղ ցավն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխումով, որից հետո ախտանիշները մասամբ մեղմանում են։ Նոպայի տևողությունը տատանվում է 2-3 ժ-ից մինչև մի քանի օր: Հիվանդության նոպաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդն իրեն լիովին առողջ մարդ Է զգում։
Նոպայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև որոշ սննդամթերքներ` ապխտած սննդամթերք, պանրի որոշ տեսակներ, շոկոլադ. նաև կենցաղային պայմանները, բարձր աղմուկը, վառ լույսը։
Միգրենի ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է դիմել բժշկի` բուժման կուրսի նշանակման համար: Ախտանշանների թուլացման կամ կանխարգելման նպատակով պետք է ընդունել ցավամոքիչ դեղեր՝ անպայման նշանակված բժշկի կողմից։ Պետք է հնարավորինս խուսափել ուժեղ գրգռիչներից։ Նոպաների կանխման գործընթացին նպաստում են օրվա ճիշտ ռեժիմն ու կանոնավոր սննունդը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։