01/10/2022 18:14
Սրտային հեղձուկ. Ի՞նչ օգնություն ցուցաբերել հիվանդին հևոցի սրման պարագայում
Սրտային հեղձուկը շնչարգելության նոպա է, որն առաջանում է սրտի հիվանդության հետևանքով:
Սրտային հեղձուկը կարող է առաջանալ սրտամկանի ինֆարկտից, սրտի իշեմիկ հիվանդությունից, սրտի բնածին և ձեռքբերովի արատներից, հիպերտոնիկ հիվանդությունից և այլն: Ենթադրվում է, որ սրտային հեղձուկի պատճառը սրտի ձախ փորոքից աորտա արյան վատ մատակարարումն է, որի հետևանքով թոքերում առաջանում են արյան կանգային երևույթներ և գազափոխանակության խանգարում: Արյան մեջ ավելցուկային ածխաթթվից գրգռվում է գլխուղեղի շնչառական կենտրոնը, որի հետևանքով առաջանում է ուժեղ հևոց: Նոպայի առաջացմանը նպաստում են նաև ֆիզիկական և հոգեկան լարումները:
Սրտային հեղձուկը ավելի հաճախ առաջանում է գիշերը, հիվանդը կարող է հանկարծակի արթնանալ է օդի անբավարարության զգացումից: Հևոցը սաստկանում է, ի հայտ են գալիս հազ (թափանցիկ փրփրոտ խորխով), ուժեղ թուլություն, անհանգստություն, սառը, կպչուն քրտինք, մաշկը դառնում է մոխրակապույտ: Ծանր դեպքերում նոպան ավարտվում է թոքերի այտուցով:
Քանի որ սրտային հեղձուկը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, ուստի անհապաղ պետք է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Հիվանդին պետք է հարմար նստեցնել (ոտքերը դեպի ներքև), սենյակն օդափոխել, հնարավորության դեպքում տալ թթվածին և շտապ օգնություն կանչել: Ժամանակին բուժման դեպքում հիվանդության ելքը բարեհաջող կլինի:
Առաջնային է հիվանդության ժամանակին և կանոնավոր բուժումը, քանի որ հակառակ դեպքում այն կարող է վերածվել սուր սրտային անբավարարության:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։