01/10/2022 10:33
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կրկին դիմել է մանիպուլյատիվ հնարքների
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին դիմել է մանիպուլյատիվ հնարքների: Խոսելով այն մասին, թե ինչու պետք է նոր փաստաթուղթ ստորագրելու դեպքում իրեն դավաճան անվանեն, ասել է.
«Փորձեմ հնարավորինս պարզ ներկայացնել իմ բառամթերքի հիմքերը: Զիջել-չզիջելը շատ հարաբերական բաներ են։ Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Հիմա՝ այս արձանագրումից հետո ինչո՞ւ պիտի, օրինակ, որևէ մեկն ինձ անվանի դավաճան և ո՞վ է այդ որևէ մեկը` նա՞, ով համարում է, որ ՀՀ տարածքն իրականում 300 հազար քառակուսի կիլոմետր է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 հզ ք/կմ-ի։ Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է, օրինակ, ծովից ծով Հայաստանի գաղափարից և, հետևաբար, դավաճանություն է»»։