01/10/2022 16:16
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներն է քննադատել՝ տապանաքար համարելով Արցախի ինքնորոշման վրա։
Փաշինյանի հարցազրույցի այդ դրվագի վերաբերյալ Yerevan.Today-ը կարճ հարցազրույց է անցկացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ։
- Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ասաց, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով, Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։
- Մադրիդյան սկզունքները և, ընդհանրապես, մինչև Ձեր նշած պերսոնաժի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ շատ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը: Մինչ նա, որևէ փաստաթղթով կամ սկզբունքով չի ենթադրվել հազարավոր զոհված տղաներ, տասնյակ հազարավոր անտուն մնացած հայեր, թշնամու պղծմանը թողնված հարյուրավոր սրբավայրեր, սկուտեղի վրա թշնամուն մատուցված Շուշի և Հադրութ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպցիա և ռմբակոծում, հաղթանակած բանակի ստորացում և շարունակվող հարյուրավոր զոհեր:
- Բայց, Փաշինյանի գնահատմամբ, ըստ էության ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է տապանաքար, այլ Մադրիդյան սկզբունքները։
- Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական մեծ ձեռքբերում էր, որով առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվում էր Արցախի ինքնորոշվելու իրավունքը և դա համեմատելու նույնիսկ փոքր եզր չունի այսօրվա վարչակազմի ստորագրված և ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերի հետ:
Կրկնեմ, եթե մեկը թուրքական գործակալ չէ, նա պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ բանակցային սեղանին՝ այս արհավիրքի փոխարեն:
- Նիկոլ Փաշինյանը արձագանքեց բանակցողին փոխելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մտքին՝ ասելով, որ բանակցողի ֆիգուրը կարևոր է, և 1998 թվականին բանակցողը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է թողել։
- Արցախը բանակցություններից դուրս թողնելու նրա սիրելի կեղծիքի մասին ներկայացնեմ մի քանի փաստ բանակցային գործընթացի ժամանակագրությունից 1997-1999 թվականներին.
- 1997 թվականի փետրվարին ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ բաղկացած Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից. նախկինում գործում էր համանախագահության այլ ձևաչափ, որի կազմում էին Ռուսաստանի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։
- Միջնորդների եռյակի առաջին խորհրդակցությունները՝ առանց հակամարտության կողմերի մասնակցության, տեղի են ունեցել փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին Փարիզում: Այդ խորհրդակցություններում քննարկվել է բանակցությունների ձևաչափի փոփոխությունը։
- 1997 թվականի ապրիլի 1-4 -ը կայացել են հակամարտության կողմերի մասնակցությամբ վերջին բանակցությունները, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտությանը»(челночная дипломатия) անցնելու մասին։ Ըստ էության, համանախագահները հրաժարվել են կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափից՝ դրա անարդյունավետության պատճառով։ Այդ հանդիպմանը չի հաջողվել անգամ հակամարտության կողմերին նստեցնել ավանդական ընթրիքի սեղանի շուրջ։
- «Մաքոքային դիվանագիտության» շրջանակներում 97-ի ապրիլից մինչև 99-ի վերջը եռյակն այցելել է տարածաշրջան 8 անգամ. եղել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում և հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ համանախագահների այցերը Արցախ և բանակցությունները Արցախի նախագահի հետ կրել են մշտական բնույթ, իսկ Փաշինյանի օրոք եղել է զրո նման այց:
- Նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 99 -ի ապրիլի 1-ին՝ Ելցինի նախաձեռնությամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի շրջանակներում:
- Հիշեցում՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դարձել է 98-ի ապրիլին։
- Այսպիսով՝ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը դադարեցվել էր դեռևս 1997 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ հանդիսանում էր Հայաստանի վարչապետ։ Սակայն միջնորդների այցելությունները Ստեփանակերտ և ԼՂՀ Նախագահի հետ պարտադիր հանդիպումներն ընդգծում էին Ղարաբաղը որպես հակամարտության լիարժեք կողմ ընկալելու փաստը։
Սրանք փաստեր են, որոնք համադրելով՝ մեր հայրենակիցները, վստահ եմ, կարող են ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին:
Բազմաթիվ փաստեր են հրապարակվել, որ 1996 թվականին և 1997 թվականին բարձրաստիճան պաշտոնյաները (Ալիկ Արզումանյան, Ժիրայր Լիպարիտյան և ալն) հայտարարում են, որ Ադրբեջանի պահանջով արդեն անցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատին, ինչի վառ ապացույցն է առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության տասնյակ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել 1996-1997 թվականներին:
- Պարոն Միկոյան, այս փաստերը մեկ անգամ չէ, որ ներկայացրել եք դուք, քաղաքագետներ, վերլուծաբաններ, բանակցություններին մասնակիցները և փաստերին տիրապետողները։ Այդ դեպքում ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը անընդհատ փաստերին հակառակ բաներ պնդում։
- Այս անբեկանելի փաստերը աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կամ թուրքական գործակալ լինի և հակամարտության պատմությունը սերտած լինի Ալիևից, կամ էլ ավարտված ստախոս լինի: