03/10/2022 13:41
Ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն անընդունելի է. Արարատ Միրզոյան
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ:
Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Շվեյցարիայի երկկողմ ու բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով:
Արարատ Միրզոյանը և Լիվիա Լյոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը հյուրընկալելու համար և ներկայացրել տեղի ունեցած քննարկումները: