04/10/2022 12:59
Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չէ. Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ Հայաստանը չի ընդունել որևիցե պահանջ, որևիցե փաստաթուղթ չկա
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չէ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, բայց վստահեցրեց. «Մենք որևիցե պահանջ չենք ընդունել, որևիցե փաստաթուղթ չկա, անընդհատ հղում կատարելով տարբեր լրատվամիջոցներին, չի կարելի նույն հարցը տալ: Չկա որևիցե նախապայման»:
Հարցին՝ չի՞ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանից ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, պարզապես Ադրբեջանի միջոցով՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բոլոր մեծ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ունեն իրենց շահերը, այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչպես մենք կգտնենք հակակշիռ: Այս պահի դրությամբ՝ մենք մաքսիմալն անում ենք ու շարունակելու ենք անել»:
Թե խաղաղության բանակցությունների Հայաստանն ինչ առաջարկներով է գնում՝ Ալեն Սիմոնյանը չբացահայտեց:
«Ի՞նչ բացահայտեմ, այդ առաջարկները կան, բայց չեն քննարկվել, չեն որոշվել», - ասաց նա: