04/10/2022 17:46
«Հավաստի աղբյուրի» հավաստի սուտն ունի սեփական անկարողությունն արդարացնելու, մեղքը դաշնակցի վրա բարդելու նպատակ․ Արտակ Զաքարյան
«Նիկոլի «Հավաստի աղբյուրն» անցել է ստեղծված ծանր իրավիճակի հետ կապված ճշմարտություններն ու կիսաճշմարտությունները անանուն և սեփական մեկնաբանություններով ներկայացնելու գործելաոճին: Ակնհայտ է, որ սեփական մեկնաբանությունները նրա համար են, որպեսզի արդարացվեն «իշխանությունների» կապիտուլյանտական տրամադրությունները»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի հերթական հրապարակմանը, կարծիք է հայտնել Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Վերջնական վերլուծություններ, հետևություններ անելու և իրավիճակից հնարավոր լուծումների շուրջ կրկին մտորելու համար պետք է սպասել, թե ե՞րբ «հավաստի աղբյուրը» կանդրադառնա հարցին, թե ի՞նչ են ուզում նաև ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն: Ընդ որում՝ կողմերի ցանկութուններին անդրադարձի հաջորդականությունը «հավաստի աղբյուրը» պատահական չի ընտրել:
Թեկուզև Նիկոլն իր վերջին ասուլիս-հարցազրույցում ասաց, որ զենքի մատակարարումների ուշացումը կապված չէ ՌԴ հետ, ինչը նաև վերաաստատեց պաշտոնական ՊՆ-ն, սակայն «հավաստի աղբյուր» հանդիսացող Նիկոլը ինկոգնիտո հայտարարում է ՌԴ կողմից Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելու մասին: Միևնույն ժամանակ նշում է նաև, որ իբրև թե այդ պրոբլեմը եղել է նաև նախկինում՝ 2016թ. առաջ: Դա «հավաստի աղբյուրի» հավաստի սուտն է, որն ունի սեփական անկարողությունն ու իր իշխանության նկատմամբ անվստահությունն արդարացնելու, ինչպես նաև մեղքը դաշնակցի վրա բարդելու նպատակ: Սա՝ ի միջի այլոց:
Առայժմ միջանկյալ արձանագրում ենք, որ ստեղծված ողբերգական իրավիճակի համար մեղավոր են Ռուսաստան-Բելառուս միութենական պետության նախագիծը, Ադրբեջանը, Թուրքիայի աճող դերը, Ռուսաստանի՝ ստատուս քվոն պահպանելու անկարողությունը, Ուկրաինայում Արևմուտքի հետ պլանավորված բախումը, Սև ծովը, Բոսֆորն ու Դարդանելը, ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին, Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտները, Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին և այլն:
Ես չեմ զարմանա, որ վերջում «հավաստի աղբյուրը» հայտարարի, որ թավշյա իշխանազավթում անելուց առաջ այս ամենի մասին ինքը տեղյակ չի եղել և բոլորովին վերջերս է իմացել վերոթվարկյալ պրոբլեմների մասին: Բայց դեռ չշտապենք և սպասենք տեսնենք, թե ըստ «հավաստի աղբյուրի»՝ ի՞նչ են ուզում «ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն բազմաչարչար հայ ժողովրդից: Կարևորը՝ ինքը մեղավոր չէ՛»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: