04/10/2022 17:35
Ադրբեջանական հատուկ ծառայությունները, խուճապ ստեղծելու նպատակով, կեղծ լուրեր են տարածում, թե մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերը Արցախից դուրս են գալու
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է․
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Առաջիկա օրերին չեն բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։
Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք Արցախի Հանրապետության ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»: