04/10/2022 16:59
«Շատ պահանջված և իմաստուն որոշում է»․ Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակելու առաջարկի մասին
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի ինքը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ի շարունակություն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ՝ կուզեի մի քանի շեշտադրում անել.
1. Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում եմ Նախագահի որոշում-առաջարկին:
2. Ռուբեն Վարդանյանի նման համաշխարհային մակարդակի ռազմավարական կառավարիչը և բարձր արժեքների տեր մարդը մեծ հնարավորություն է ցանկացած պետության, առավել ևս՝ խորը ճգնաժամ ապրող Արցախի Հանրապետության համար: Ուստի, Արցախ տեղափոխվելու նրա որոշումը լավագույն շանսն է նրա ներուժն ու առաքելության գիտակցումն արդյունավետորեն իրացնելու համար, որի ներկայումս լավագույն մեխանիզմը, իմ պատկերացմամբ նույնպես, լայն լիազորություններով պետական նախարարի պաշտոն զբաղեցնելն է:
3. Նշեմ, որ իմ ու պարոն Վարդանյանի գնահատականները Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ, հիմնախնդիրների լուծման մոտեցումները մեծապես համընկնում են, և նաև այդ պատճառով ես հավատում եմ, որ նա կարող է զգալի առաջընթաց ապահովել և՛ ներքին, և՛ արտաքին ուղղություններում:
4. Իսկ իմ նախընթաց գործունեության գնահատականների և հետագա անելիքների վերաբերյալ դեռ առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Ես շարունակում ու շարունակելու եմ ծառայությունս Հայրենիքիս իմ ամբողջական ներուժով, արժեքներով ու սկզբունքներով հանդերձ, և ցանկացած դիրքում ու հանգամանքում ես մնում եմ շարքային զինվոր՝ հանուն հայոց պետականության և ազգային վերելքի»,- գրել է Արտակ Բեգլարյանը։