04/10/2022 18:58
Այս տարի Հայաստան է այցելել մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ. Մեխակ Ապրեսյան
«Զբոսաշրջության ոլորտը 2020 թվականից սկսած կանգեց գլոբալ մարտահրավերների առաջ՝ կորոնավիրուս, պատերազմ, որից հետո փորձեր արվեցին վերականգնելու ոլորտը, սակայն եղան մի շարք նոր խնդիրներ՝ կապված ուկրաինական ճգնաժամի, դրամի արժեզրկման և հայ - ադրբեջանական սահմանային խնդիրների հետ. զբոսաշրջությունն իր առանձնահատկություններով պայմանավորված՝ շատ զգայուն է նման մարտահրավերների հանդեպ»,- լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով զբոսաշրջության ոլորտի արդի խնդիրներին, ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջությունը դեռ չի մտել վերականգնման փուլ։
«Մենք, ցավոք, բավականաչափ չենք գիտակցում զբոսաշրջության դերն ու օգուտը մեզանում։ Սա այն հզոր և կարող ուժն է, որ ի վիճակի է իր հետևից տանել տնտեսությունը՝ էապես նպաստելով դրա զարգացմանը»,- ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։
Նա ներկայացրեց նաև Հայաստան զբոսաշրջային այցերի վերջին տվյալները․ այս տարի մեր երկիր մուտք է գործել մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ, իսկ անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ մեկ միլիոն չորս հարյուր հազար։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի կարծիքով՝ իրավիճակը կարող է փոխվել, եթե առկա խնդիրների շուրջ քննարկման արդյունքում պետության և մասնավորի ջանքերով տուժած մարզերում իրականացվեն զբոսաշրջության վերականգնմանն ուղղված միջոցառումներ։