04/10/2022 09:58
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի գլխին սև ամպեր են կուտակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի գլխին սև ամպեր են կուտակվում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի: Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տևական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, և քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի պարտականությունները, ուստի անձեռնմխելի է: Ավելին՝ դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում պատկեր է ստեղծել, թե քաղաքական իշխանություններն իր թիկունքում են, սակայն Աննա Վարդապետյանի նշանակումով իրավիճակը փոխվել է: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին հասկացրել են, որ նա, լինելով «բարձրակարգ իրավաբան», ձախողեց Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը, քանի որ ՍԴ-Ն այն հակասահմանադրական ճանաչեց:
Նկատենք, որ բարձրակարգ իրավաբանները երբեմն նաև բարձրակարգ ձևով տապալում են մեղադրանքները, որ լինելով բարձրակարգ իրավաբան ի սկզբանե նա չէր կարող չիմանալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հակասահամանդրական բնույթը և դատարանում կուրծք ծեծելու տպավորություն ստեղծելու փոխարեն,ընդամենը կարող էին գոնե մեղադրանքը ձևակերպել օրենքին համապատասխան։
Գևորգ Բաղդասարյանի և Աննա Վարդապետյանի ներքին հակադրությունները սկսվել են սեպտեմբերի 2-ից հետո: Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել և նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանին։ Գևորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձնաժողով և քննություն հանձնել, սակայն քննությունը ընթացել է լարված մթնոլորտում, և Հակոբյանին սեպտեմբերի 29-ին քննությունից կտրել են: Պարզվում է՝ հանձնաժողովի նախագահը եղել է նախկին դատախազ Արթուր Դավթյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Գևորգ Բաղդասարյանը, որին չի ներվի հանդգնությունը: Հավելենք, որ Գևորգ Բաղդասարյանի պաշտոնազրկման գործընթացի ծիլերը արդեն դատախազությունում նկատելի են, նրա ամենամտերիմներից մեկին Երևան քաղաքի դատախազությունից տեղափոխել են մարզ՝ հասկացնելով, որ նախկին բարքերը ավարտվել են»։