04/10/2022 12:08
«Վերջին երկու օրում մեծաքանակ փաստաթղթեր ենք ստացել ՊՆ-ից». Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց ևս վեց ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները ևս վեց ամսով կերկարաձգվեն. նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո՝ մարտի 30-ին, Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար։ Նշված ցանկի համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը շուրջ երկու ամիս ձևավորել է պահանջվող փաստաղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել է հանձնաժողովի ուսումնասիրմանը։ Այն ներառում է շուրջ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր՝ տասը հազարից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջանական չէ», - հայտարարեց Քոչարյանը:
Վերջին երկու օրում մեծաքանակ փաստաթղթեր են ստացել ՊՆ-ից, որոնք գտնվում են ուսումնասիրման փուլում:
Նրա խոսքով՝ փաստաթղթերի ստացման օրվանից հանձնաժողովի անդամները, փորձագիտական խումբը մանրակրկիտ ուսումնասիրում է դրանց բովանդակությունը, կազմման որակը, համապատասխանությունը ղեկավար փաստաթղթերի պահանջներին և պատերազմում ստեղծված իրավիճակներին։
«Փաստաթղթի ուսումնասիրման բացահայտված նոր փաստերից և տեղեկություններից կարիք է առաջանում Պաշտպանության նախարարությունից և պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված բազմաթիվ այլ նոր փաստաթղթեր և տվյալներ։
Այս պահին հանձնաժողովը զբաղված է նոր փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ, ինչը բավականին բարդ, ծավալուն, ժամկետատար և պատասխանատու աշխատանք է, որի հիման վրա հնարավոր է կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը։
Հանձնաժողովը արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, երկու անձի նամակ ուղարկել ենք։ Տեղյակ եք, որ Վարդան Օսկանյանը հեռահար ճանապարհով իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձև չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքների չմասնակցության անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և բոլորը գան։ Իսկ եթե խնդիր առաջանա սահմանադրական օրենքի հետ կապված, նախագծերը նույնպես մշակված են և կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը։ Առաջարկում եմ 6 ամսով հանձնաժողովի աշխատանքները երկարաձգել», - հավելեց Քոչարյանը: