04/10/2022 14:20
Չեմ կարծում, որ Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ. ԱԺ նախագահ
Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին, վստահեցնում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է խաղաղության փաստաթղթին՝ նման փաստաթուղթ, նրա խոսքով, գոյություն չունի:
«Միևնույն ժամանակ, եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից և խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագրով, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը զրկվի ինքնորոշման իրավունքից՝ ԱԺ նախագահը պատասխանեց․ «Տեսեք, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռ 1991 թվականին և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախությունից ի վեր, երբևիցե տարածքային պահանջ չի ունեցել, խոսքը եղել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ Սրանք իրավունքների հարցեր են և, չեմ կարծում, որ, ընդհանրապես, Արցախը բառը պետք է և կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ: Դա իմ անձնական կարծիքն է, կործում եմ՝ իմ գործընկերները կիսում են», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե որոնք կլինեն Հայաստանի իշխանության կարմիր գծեր՝ ԱԺ նախագահը պատասխանեց․ «Հիմա փաստաթուղթ չկա, ինչ-որ կարմիր գծերի մասին խոսե՞մ։ Միջազգային նորմերի հիման վրա մենք պատրաստ ենք կնքել խաղաղության պայմանագիր»: