04/10/2022 10:51
Սովորելու համար տարկետում ստացած տղաների զորակոչի տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 28 տարեկանը
Ազգային ժողովը քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է սովորելու համար տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28:
Մեկ այլ առաջարկով նախատեսվում է Կառավարությանը լիազորել, որպեսզի նա յուրաքանչյուր տարի, ըստ իր որոշման, կարողանա տարկետում տալ բուհ ընդունված կամ կրթական տարբեր ծրագրերում՝ մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում այն սովորողներին, որոնց դեպքում Կառավարությունը կորոշի, որ դա բխում է Հայաստանի գերակայություններից:
Տարկետման պայմանները, բուհերի և մասնագիտությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը: Վերոնշյալ լրացումը վերաբերելու է բացառապես բնագիտական, ճարտարագիտական, տեխնոլոգիական և մաթեմատիկական ուղղվածությամբ մասնագիտություններին:
Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ գործող օրենքով բանակից տարկետում ստանում են Կառավարության որոշմամբ՝ նշանակալի նվաճումների համար և այն ժամանակ, երբ սովորողը դիմում էր գործադիրին, իսկ նոր օրենքով Կառավարությունը նախօրոք է սահմանում մասնագիտությունների ցանկը և տեղերը:
Զորակոչի տարիքը 27-ից 28 բարձրացնելը նախարարը հիմնավորում է նրանով, որ այսօր դպրոցը դարձել է 12-ամյա՝ 18 տարեկանում են այն ավարտում, և ասպիրանտուրա 3 տարով սովորողներն արդեն երկրորդ տարում՝ 27 տարին լրանալուն պես, զորակոչվում են բանակ և չեն հասցնում պաշտպանել թեկնածուական թեզը: