05/10/2022 19:03
Ինչպես խմել դեղահաբերը, որ չկորցնեն իրենց ազդեցությունն ու արագ օգնեն
Երբեմն մարդիկ դժգոհում են, որ իրենց ընդունած դեղահաբերը, վիտամինները կամ սննդային հավելանյութերը սպասված արդյունքը չեն տալիս կամ պարզապես չեն օգնում հաղթահարել առողջության հետ կապված այս կամ այն խնդիրը, այնինչ, որպես կանոն, դեղահաբերը սխալ ընդունելու պատճառով է դրանց արդյունավետությունը նվազում։
Ինչպե՞ս, ուրեմն, ընդունել դեղամիջոցները, որ սպասված արդյունքը չուշանա։
Որպես կանոն, արտադրողները ներդիրում նշում են, թե ինչպես է պետք ընդունել և ինչի հետ պետք չէ համադրել իրենց արտադրած դեղերը։ Եթե ներդիրում առկա նկարագրության մեջ այդպիսի հրահանգավորումներ չկան, նշանակում է՝ դեղամիջոցը պետք է խմել սովորական ջրով։
Իսկ ինչի՞ հետ չի կարելի համադրել դեղերը։
Առաջին տեղում ալկոհոլային խմիչքներն են։ Դեղամիջոցները ջրի փոխարեն՝ ալկոհոլային խմիչքով ընդունելը թունավորման մեծ ռիսկ է պարունակում, կարելի է նաև անդառնալի վնաս հասցնել լյարդին։
Դեղերը խորհուրդ չի տրվում ընդունել նաև հանքային ջրով կամ կաթով․ դրանք խախտում են որոշ դեղահաբերի կլանման, օրգանիզմում ներծծման պրոցեսը։ Շատ դեղահաբեր պատված են աղիքներում լուծվող թաղանթով, որը թույլ չի տալիս, որ հաբը ժամանակից շուտ լուծվի ստամոքսի աղաթթվում։ Հաբը պետք է անփոփոխ տեսքով հասնի աղիքներ, ապա նոր թաղանթը լուծվի՝ դուրս թողնելով ազդող նյութը։ Այնինչ հանքային ջուրն, օրինակ, հաբի թաղանթը հալեցնում է դեռ բերանի խոռոչում կամ կերակրափողում, ինչի հետևանքով դեղի ազդող նյութի ճիշտ ներծծման պրոցեսը խախտվում է։
Հյութերում պարունակվող ակտիվ նյութերը կարող են քիմիական փոխազդեցության մեջ մտնել որոշ դեղամիջոցների ազդող նյութի հետ և նույնպես խոչընդոտել օրգանիզմում դեղամիջոցի ներծծման պրոցեսը։ Այսպիսի բացասական ազդեցություն թողնում է հատկապես թուրինջի հյութը։
Թեյի մեջ պարունակվող տանինն ու կոֆեինը կարող են թուլացնել նեյրոլեպտիկ, հակահիպերտոնիկ և այլ դեղամիջոցների ազդեցությունը։ Բուժման ժամանակ թեյ խմելը հակացուցված չէ, սակայն այն խորհուրդ է տրվում խմել դեղն ընդունելուց 2-3 ժամ անց։
Սուրճը մեծացնում է բրոնխոդիլատորների կողմնակի ազդեցությունները, իսկ որոշ դեղահաբեր սուրճով խմելու պարագայում հնարվոր է՝ առաջանա գլխացավ, սրտխփոց։
Գազավորված ըմպելիքները սովորաբար երկաթի և կալցիումի իոններ են պարունակում, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել դեղահաբի բաղադրության մեջ առկա տարրերի հետ՝ խախտելով դեղամիջոցի ներծծման պրոցեսը։
Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ամենաանվնաս և ամենահարմար տարբերակն է մնում դեղերը պարզապես մաքուր ջրով խմելը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։