05/10/2022 17:27
Նիկոլ Փաշինյանը Պրահայում կհանդիպի Էրդողանի, Ալիևի, Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահի հետ, ապա կմեկնի Սանկտ-Պետերբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որին շրջանակում քառակողմ հանդիպում է ունենալու։ Այդ մասին նա հայտարարեց անձամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, ինչը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ Պրահայից մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։