05/10/2022 13:19
ԱՀԿ-ն դատապարտում է բուժաշխատողների թիրախավորումը. Հայաստանում մեկնարկել է Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումը (Տեսանյութ)
Հայաստանում մեկնարկել է արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը:
Աշխարհի ավելի քան 500 պատվիրակներ ԱԱԲԹ 5-րդ գլոբալ հանդիպմանը կմեկտեղեն ջանքերը՝ հակամարտություններին ավելի արագ արձագանքելու համար:
Ավելի քան 110 երկրներից ժամանած մասնակիցներին, որոնց թվում են ԱԱԲԹ-ներ, տեխնիկական փորձագետներ և մի շարք կազմակերպություններից միջազգային գործընկերներ, հնարավորություն է տրվում անդրադառնալ ու ծանոթանալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ընթացքում քաղված դասերին և նորարարական ու կյանք փրկող մոտեցումներին:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը:
«Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու», - նշեց նախարարը:
Առողջապահական համակարգում, նախարարի խոսքով, անընդհատ ներդրում է կատարվում համակարգն ուժեղացնելու, կրթելու, բժշկական կենտրոնները վերազինելու ուղղությամբ, ինչպես նաև ստեղծելու մեխանիզմներ, որ բոլորը միասնական, կոորդինացված, արագ աշխատեն իրար հետ:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Ջերալդ Ռոկենշաուբն ընդգծեց՝ ամեն անգամ, երբ լսում են Հայաստանում պատերազմական իրավիճակների ժամանակ բուժաշխատողների թիրախավորման դեպքերի մասին, փաստաթղթավորում են իրականացնում:
Անահիտ Ավանեսյանն էլ ընդգծեց, որ, ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով շտապօգնության մեքենաների վրա բոլոր հարձակումները փաստագրված են:
«Բոլոր ապացույցները ներկայացված են և՛ մոնիթորինգային օղակներով, և՛ ԱՀԿ-ին: Նման գործողությունները պետք է մշտապես խստագույնս դատապարտվեն և տեղ չգտնեն մեզանում», - հավելեց նախարարը։
ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը դատապարտեց հարձակումը բուժաշխատողների վրա։
«Վերջին տարիների ընթացքում հարձակումները բուժաշխատողների վրա շատացել են։ Անընդունելի է, սա հանցագործություն է», - հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։