05/10/2022 16:46
Արարատ Միրզոյանը հաստատեց՝ Ադրբեջանը Հայաստանին փաստաթուղթ է փոխանցել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված հինգ սկզբունքների վրա:
«Մեզ փոխանցվել է փաստաթուղթ: Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են, հանրությունը քաջատեղյակ է, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք մենք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի: Նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի», - Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ այժմ կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել. քննարկումներ են ընթանում:
«Մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ, երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, անպայման կտեղեկացնենք», - նշեց Արարատ Միրզոյանը: