06/10/2022 12:07
Զոհված զինծառայողների մարմինները կամ մասունքներն այս պահին արտասահման ուղարկելու կարիք չկա. առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները. Նախարար
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները կամ մասունքներն այս պահին արտասահման ուղարկելու կարիք չկա։
«Այս պահին որևէ կարիք չունենք արտասահմանյան բժշկական կենտրոնների կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու, մեր տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում է իրականացնելու հետազոտությունները։ Որոշները դեռ ընթացքի մեջ են, առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Թե քանի մարմին կամ մասունք կա, որ դեռ ինքնությունը պարզված չէ՝ նախարարը հրաժարվեց թիվ ներկայացնել։
«Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, դեռ ամբողջ հետազոտական պրոցեսը չենք ավարտել», - նշեց Ավանեսյանը։
Նա ասաց, որ ամբողջական պատկեր ունենալու համար ԴՆԹ հետազոտություն է իրականացվում։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: