06/10/2022 13:59
Օրսե. Իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի սիրահարների համար պարտադիր այցելության թանգարան Փարիզում
Իմպրեսիոնզիմի և պոստիմպրեսիոնիզմի ամենամեծ հավաքածուն ներկայացված է Փարիզի Օրսե թանգարանում։ 1986 թվականից թանգարանն ամեն տարի մի քանի միլիոն այցելու է հյուրընկալում։
Օրսեի թանգարանն այցելուների թվով զիջում է Լուվրին, և նաև կարծիք կա, թե Փարիզում զբոսաշրջիկները նախ Լուվր են այցելում, ապա Օրսե, այնուամենայնիվ, անկախ հերթականությունից, սեփական փորձառությամբ՝ Փարիզում լինել և ժամանակ չգտնել Օրսե թանգարանի համար, նշանակում է կորցնել հնարավորությունը մեկ հարկի տակ տեսնելու Վան Գոգի, Կլոդ Մոնեի, Սեզանի, Ռենուարի, Ալֆրեդ Սիսլեյի, Էդգար Դեգայի և այլ աշխարհահռչակ նկարիչների հայտնի կտավները։
Արվեստի սիրահարները թանգարանում հնարավորություն ունեն տեսնելու ոչ միայն հայտնի կտավներ, այլ նաև քանդակներ, դեկորատիվ արվեստի նմուշներ։ Օրսեում ցուցադրված է շուրջ 6000 նմուշ։
Փարիզի սրտում՝ Սենայի ձախ ափին գտնվող Օրսեի թանգարանն ի սկզբանե կառուցվել է որպես երկաթուղային կայարան և հյուրանոց։ 1986 թվականին երկաթուղային կայարանը վերածվեց թանգարանի։ Փարիզում հաճախելիությամբ երկրորդը համարվող Օրսեի մուտքին այցելուներին ողջունում է «Ազատության արձան»-ը, որ Ֆրանսիայի՝ Նյու Յորքին նվիրաբերած արձանի կրկնօրինակն է՝ 3 մետր բարձրությամբ։
Օրսեի թանգարանում պարտադիր է տեսնել Վան Գոգի ինքնադիմանկարները, «Աստղային գիշեր»-ը, Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ»-ը։
Դե իսկ Ֆրանսիացի անիմալիստ Ֆրանսուա Պոմպոնի «Սպիտակ արջ»-ը թանգարանի այցեքարտերից է։ Հատկանշական է, որ քանդակի հեղինակը ճանաչում ձեռք է բերել հենց «Սպիտակ արջ»-ի շնորհիվ՝ 67 տարեկանում։
Օրսեի թանգարանում Էդգար Դեգայի ստեղծագործությունների սիրահարները հնարավորություն ունեն տեսնելու ոչ միայն հեղինակի կտավները, այլ նաև ամենահայտնի քանդակներից՝ «Փոքրիկ պարուհին, 14 տարեկան»-ի բրոնզե օրինակը։
Օրսեի այցելուներն անպայման նաև փնտրում են «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ. Ուիսթլերի մայրը» կտավը, որ ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի ամենահայտնի ստեղծագործությունն է։ 1891 թվականին այն դարձավ ամերիկյան արվեստի առաջին գործը, որ գնեց Ֆրանսիան, և այն մինչ օրս Միացյալ Նահանգներից դուրս համարվում է ամերիկյան ամենահայտնի ստեղծագործությունը։ Նկարը ողջ աշխարհում դարձել է մոր պաշտամունքի խորհրդանիշներից։
Օրսեի թանգարան առանց կուտակումների հայտնվելու համար ճիշտ է տոմս ձեռք բերել նախապես, առցանց ընտրելով հարմար ժամը։ Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի՝ 9։30-ից 18։00-ն, թանգարանի մուտքն ազատ է մինչև 18 տարեկանների, Եվրոպական Միության երկրների 18-ից 25 տարեկան քաղաքացիների համար, թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամակցության քարտ ունեցողների համար, թանգարանի ազատ մուտքի մասին առավել մանրասման՝ https://www.musee-orsay.fr/en/articles/free-admission-307 ։