06/10/2022 15:11
Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը
Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի անցկացման ֆինանսավորումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:
Առաջնության անցկացման համար կհատկացվի 294,714․5 հազար դրամ: Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակում՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում կատարելու արդյունքում: Առաջնության անցկացման որոշ ծախսեր էլ՝ 30,950․0 հազար դրամի չափով, կհոգա Հայաստանի սամբոյի ֆեդերացիան
Երևանում կայանալիք առաջնությանն ակնկալվում է 40 երկրի շուրջ 650 մարզիկ-մարզուհու մասնակցություն:
Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Վերջին տարիներին սամբո մարզաձևը մեծ հաջողություններ է գրանցել։ 2021 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ Դավիթ Հովսեփյանը, պատանիների աշխարհի չեմպիոն՝ Մեսրոպ Նիկոյանը, իսկ Հայաստանի սամբոյի հավաքականների 9 մարզիկներ դարձել են մրցանակակիրներ: Հայաստանի մեծահասակների հավաքականը նույնպես ունի մրցանակակիրներ:
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել էր Հայաստանի Հանրապետությունում անցկացնել սամբոյի դեռահասների, պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում: