06/10/2022 10:25
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չեն թաքցնում, որ կամաց-կամաց պետք է խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի կապերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաշինյան-Էրդողան այսօր կայանալիք հանդիպման լուրը (այդ մասին դեռ երեկ թուրքական լրատվամիջոցներն էին գրել), ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «հավաստի աղբյուր»-ով հոդվածաշարերը հայ հասարակությանը տագնապի հերթական չափաբաժինն են ներարկել. Չլինի թե «հեղափոխականները» Ռուսաստանին ցտեսություն անելու ցանկություն ունեն: Մտահոգություններն իրականում տեղին են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ զրույցներում ներկայացնում է թեզեր, թե Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանել է ուզում, հետևաբար մենք նրան ցտեսություն պետք է ասենք ու Եվրոպայի, Ամերիկայի կողմ թեքվենք: Հակառուսական տրամադրություններն այս օրերին իշխանական հատվածում պարզապես թևածում են: Փաշինյանի հակառուսական քարոզից իրականության զգացումը կորցրած ՔՊ-ականներն արդեն չեն էլ թաքցնում, որ կամաց-կամաց պետք է խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի կապերն ու իրենց սերը եվրոպացիներին և ամերիկացիներին հայտնեն:
Իշխանականները, սակայն, պարզ մի հարց իրենց չեն տալիս՝ ինչպե՞ս են Ռուսաստանին հրաժեշտ ուզում տալ, եթե մեր տնտեսության մեծ մասը ՌԴ-ի ձեռքում է, ՀՀ սուվերեն տարածքի մի մասի հսկողությունն էլ ՌԴ սահմանապահներն են իրականացնում և այլն, և այլն: Իհարկե, բալանսավորված քաղաքականությունն ու աշխարհի գերտերությունների մոտ սեփական շահն առաջ տանելը ֆանտաստիկ բան է, բայց դրա համար նախ խելք ու հմտություն է պետք»։