07/10/2022 17:52
Չփակված զարկերակային ծորան. Արյան շրջանառության խանգարման աստիճանը կախված է բոտալյան ծորանի տրամագծից
Սեպտեմբերի 29-ին՝ սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ, բժիշկ- սրտաբանները ևս մեկ անգամ խորհուրդ են տալիս անցնել առաջնային հետազոտություններէ կանխելու սիրտ- անոթային մի շարք հիվանդությունների առաջացումը։ Դրանց շարքում լայն տարածում ունեն սրտի կամ գլխավոր անոթների ներարգանդային զարգացման շեղումները, որոնց պատճառով առաջանում է միջսրտային արյան շրջանառության խանգարում, որն էլ ի վերջո ավարտվում է սրտային անբավարարությամբ։
Հիվանդության պատճառները հայտնի չեն։ Մասնագետները գտնում են, որ ներարգանդային զարգացման 3-8-րդ շաբաթվա ընթացքում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով կարող է խախտվել սրտի օրգանագոյացումն ու առաջանալ արատ։ Այդ տեսակետից մեծ դեր է տրվում վիրուսներին, մասնավորապես, կարմրախտի հարուցիչներին, իսկ որոշ դեպքերում հայտնաբերվում է ժառանգական հակում։
Երեխայի ծնվելու պահին, երբ օրգանիզմը ընկերքային շնչառությունից անցնում է թոքայինի, արյան շրջանառությունը զարկերակային ծորանով դադարում է, որը դատարկվում է և կյանքի առաջին տարվա ընթացքում խցանվում։ Այսպիսով, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե սաղմնային զարգացման խաթարումներին, այլ բոտալյան ծորանի խցանման ֆիզիոլոգիական պրոցեսների խանգարմանը։
Արյան շրջանառության խանգարման աստիճանը կախված է բոտալյան ծորանի տրամագծից, արյան քանակից, արյան փոքր շրջանառության անոթների դիմադրողականությունից։ Հիվանդների մի մասի մոտ հեմոդինամիկայի նկատելի խանգարումներ կարող են չզարգանալ, բայց, մեծ մասամբ, չփակված զարկերակային ծորանը պատճառ է դառնում հեմոդինամիկայի զգալի արտահայտված խանգարումների։
Արյան փոքր շրջանառության մեջ արյան քանակն ավելանում է, իսկ մեծ շրջանառության մեջ՝ պակասում։ Արյան մեծ շրջանառության մեջ արյան անբավարար քանակը պատճառ Է դառնում այդ արատով տառապող երեխաների ֆիզիկական վատ զարգացման։ Երեխաները սովորաբար լինում են գունատ, նիհար, բայց մտավոր զարգացումը չի տուժում։ Որոշ հիվանդ երեխաներ երբեմն գանգատվում են հևոցից, սրտխփոցից, գերհոգնածությունից։
Ռենտգենյան հետազոտությունը ի հայտ է բերում սրտի մեծացում, թոքային զարկերակի աղեղի արտափքում, ուժեղացած թոքանկար։ Բաց զարկերակային ծորանի նշան է նաև զոնդի անցումը դեպի աորտա։ Թոքային զարկերակում հայտնաբերվում է արյան ճնշման բարձրացում և նրա քանակի շատացում։
Այս արատի ամենահաճախակի և ծանր բարդությունը, որ ի հայտ է գալիս երեխայի սեռական հասունացման շրջանում, ծորանի սեպտիկ էնդարտերիիտն է, որը կարող է հանգեցնել ընդհանուր սեպտիկ վիճակի, ինչպես նաև՝ այդ ծորանի պատռվելուն։ Հիվանդները մահանում են նաև մեծ տարիքում՝ սրտային անբավարարությունից։ Ժամանակին վիրահատելու դեպքում այս արատի հետագա բարդությունները, գրեթե, բացառվում են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։