07/10/2022 12:17
«Փեթակն» այսօրվանից չի գործի, աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Աշխատակիցներն ասում են, որ տեսչական մարմնից եկել, կնքել են տաղավարները և իրենց թույլ չեն տալիս աշխատել։
«Մեզ ասել են, որ անժամկետ փակ է տոնավաճառը, էսքան մարդկանց ապրուստի միջոցը դա է, փակել, ասել են՝ գնացեք, տեսեք՝ ինչ եք անում։ Թող ասեին, ժամանակ տային, տեսնեինք՝ ինչ ենք անում», - լրագրողների հետ զրույցում ասաց «Փեթակի» աշխատակիցը՝ նշելով, թե փակ լինելու մասին տնօրենը գիշերն է տեղեկացել։
Աշխատակիցն ասաց, թե սուտ են տեղեկությունները, որ «Փեթակում» կան այնպիսի պայթուցիկ նյութեր, որոնցից եղել են «Սուրմալու» տոնավաճառում։
«Դա մեր խնդիրը չէ, մենք մեր տարածքում մեր անվտանգությունը պահպանում ենք և իրենց պատճառով մենք աշխատանքից պետք է չզրկվենք», - նշեց նա։
Աշխատակիցներն ասացին, որ փաստաբանի են դիմել արդեն և վերոնշյալ հարցով դիմելու են դատարան։