07/10/2022 19:35
Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ պետք է արձանագրվի, ընդգծվի, որ այն չի տարածվում Արցախի վրա․ Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ մեզ համար անընդունելի է․ Դավիթ Բաբայան
Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ, եթե ոչ առանձին փաստաթղթով, ապա առնվազն մի ձևով պետք է արձանագրվի, ընդգծվի, որ այն չի տարածվում Արցախի վրա: Միանշանակ, Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ մեզ համար անընդունելի է, ով ուզում է՝ դա ստորագրի, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Պետք է վստահ լինենք, հստակ իմանանք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի տարածվելու Արցախի վրա: Քանի դեռ որևէ հստակ բան չկա, սպասենք, բայց վաղ, թե ուշ այդ հարցի պատասխանը պետք է տան: Կանգնած ենք օրհասական, միգուցե՝ ողբերգական զարգացումների շեմին: Պարտավոր ենք լինել սկզբունքային՝ բացառելով Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած տարբերակ: Եթե այդ սկզբունքն անխախտ պահենք և ճիշտ մոտեցում դրսևորենք, ապա ամեն ինչ նորմալ կարող է լինել»,-ասել է Բաբայանը:
Արցախի արտգործնախարարը Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններն առնվազն ներկա դրությամբ իրատեսական չի համարել, բայց վերահաստատել է՝ Արցախը պատրաստակամ է բանակցել Արդբեջանի հետ, եթե, նախևառաջ, վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։
«Եթե վերականգնվի այդ ձևաչափը, որտեղ Արցախը միջազգայնորեն ճանաչվել է և՛ որպես բանակցությունների կողմ, և՛ որպես հակամարության կողմ, ուրեմն կարող ենք Ադրբեջանի հետ բանակցել՝ իհարկե, Մինսկի խմբի անդամ երկրների մասնակցությամբ»,- ասել է նա։
Բաբայանը շեշտել է՝ քանի դեռ այդ հնարավորությունը չկա, ու առանձապես մեծ հույս էլ չկա, որ մոտակա ժամանակներս կլինի, Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է կատարի իր պարտավորությունը:
«30 տարի է՝ բանակցություններն ընթանում են, իսկ ո՞ վ է ասել, թե այդ գործընթացը շուտ է վերջանալու: Ու խնդիրն այնքան ուղիղ կամ անուղղակի բանակցելու մեջ չէ, որքան՝ Արցախի ճակատագրի հարցում մեր ունեցած դիրքորոշումը սկզբունքորեն առաջ տանելու, քանի որ դրանից է կախված մեր ապագան: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը կործանարար է լինելու ողջ հայության համար. վերջնականապես բարոյազրկվելու ենք, կորցնելու ենք պետություն ունենալու և, առհասարակ, ապրելու իրավունքը»,-շեշտել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե արցախյան հիմնահարցով հիմնական բանակցողը պետք է լինի Արցախը: Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։ Իսկ նախօրեին՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը կրկին հոխորտացել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել»: