07/10/2022 15:38
Վերսալ. Արև արքայի նստավայրը, ուր վճռվեց մարդկության ճակատագիրը
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում Վերսալ քաղաքի մարգարիտը ֆրանսիայի միապետների երբեմնի ամառային նստավայրն է։ Զբոսաշրջիկների համար Վերսալ այցելելը յուրահատուկ հնարավորություն է մի քանի ժամում ծանոթանալու 17-րդ դարի ֆրանսիական ճարտարապետությանը, արքայական կացութաձևին, նաև մի քանի ժամ հանգստանալու Վերսալի խնամված, ծաղկաշատ, 800 հեկտար տարածությամբ այգիներում։
Ամեն տարի մոտ 10 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Վերսալ, հերթերից, մարդկային կուտակումներից խուսափելու համար տոմս պետք է գնել նախապես, առցանց՝ ընտրելով համապատասխան ժամանակացույցը։ Պալատի մուտքն ազատ է մինչև 18 տարեկանների, Եվրոպական միության երկրների մինչև 26 տարեկան քաղաքացիների համար, հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ուղեկցողների համար։ Տոմսի արժեքի, ազատ մուքտի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ՝ https://en.chateauversailles.fr/plan-your-visit/conditions-free-admission#free-admission։
Խիստ կարևոր է տեղյակ լինել, որ անգամ ազատ մուտքի պայմանները բավարարելու դեպքում պետք է նախապես ձեռք բերել ազատ մուտքի իրավունքը հաստատող տոմս, հակառակ դեպքում թանգարանի տոմսերի վաճառասրահում միջինում մեկ ժամ պետք է սպասել՝ կտրոն ձեռք բերելու համար։ Այնուամենայնիվ, պալատի բակում մի քանի ժամ սպասելու հոգնությունն ի չիք է դառնում արքայական պալատում հայտնվելուն պես։
1632 թվականին Լյուդովիգ 13-րը գնում է անտառապատ գյուղակը՝ որսի համար կեցավայր կառուցելու համար։ Լյուդովիգ 13-րդի որդին՝ Լյուդովիգ 14-ը այնքան է հավանում վայրը, որ որոշում է այն վերածել արքայական ամառային նստավայրի։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո Վերսալը դարձավ տեսարժան վայր՝ պատմական արտեֆակտ։
Լյուդովիգ 14-րդի նրբաճաշակության շնորհիվ արդեն քանի հարյուրամյակ Վերսալ այցելողները հնարավորություն ունեն հիանալու արքայական պալատի շքեղ սրահներով, դյութիչ ճարտարապետությամբ և պալատը շրջապատող այգու գեղեցկությամբ։
Պալատի 2300 ոսկեզօծ սրահները Ֆրանսիայի երբեմնի հզորության, հարստության արտահայտությունն են, ամենահայտնի սրահը հայելիների սրահն է, որտեղ և 1919 թվականին կնքվել է Վերսալի հաշտության պայմանագիրը՝ ամրագրելով առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։
Հայելիների սրահի բարձր առաստաղի 30 նկարազարդումները պատկերում են Լյուդովիկ 14-ի կառավարման տարիների փառքը, ռազմական և տնտեսական հաջողություններն արտացոլված են անտիկ մշակույթի այլաբանություններում, 357 հայելիները, որ զարդարում են սրահի սյուները, խորհրդանշում են Լյուդովիկ 14-ի կառավարման տարիների տնտեսական բարգավաճումը։
Ֆրանսիական հեղափոխությունը ստիպեց Լուի 16-ին Վերսալից գնալ Փարիզ, այսպիսով՝ Վերսալին այլևս վիճակված չէր արքայական նստավայր լինել, 19-րդ դարում այն վերածվեց Ֆրանսիայի պատմության թանգարանի։
Պալատում մի քանի ժամ շրջելը, այն աուդիո ինֆորմացիայով համադրելը այցելուին հնարավորություն է տալիս կարճ ժամանակում պատկերացում կազմել ֆրանսիայի պատմության կարևորագույն անձանց և իրադարձությունների մասին։
Պալատից դուրս գալուն պես բացվում է ուղի՝ դեպի վերսալի անվերջ ձգվող այգի, որտեղ աչքդ խնամված կանաչի շնորհիվ կարծեք հանգստանում է պալատի ոսկեզօծ ինֆորմացիայից։
Հատկանշական է, որ այգու մուտքն ազատ է հեծանվորդների համար, ինչը Ֆրանիսայում մի քանի օր ժամանակ անցկացրած, հեծանվորդների համար կահավորված ճանապարհներ տեսնող զբոսաշրջիկին խիստ բնական է թվում։ Հատկանշական է, որ մարդաշատ լինելով, հաճախ նաև ընտանիքիների համար պիկնիկի վայր ծառայելով հանդերձ այգին խիստ խնամված է ու կոկիկ։