08/10/2022 17:43
Համեմունքները, բացի համային յուրահատկությունից, ունեն նաև բուժիչ ազդեցություն
Համեմունքները ժամանակակից խոհարարության կարևոր մասն են: Բացի համային բազմազանությունից, համեմունքները կարող են նաև բարելավել մթերքի մարսողությունը և կլանումը: Համեմունքների մյուս ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք կանխում են ախտածին բակտերիաների վերարտադրությունը, քայքայման գործընթացները և ունեն ախտահանիչ հատկություն։
Ամենահայտնի և տարածված համեմունքներից մեկը սև պղպեղն է։ Այն խթանում է մարսողությունը, հավասարակշռում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը, բարելավում է արյան հոսքը մարմնում, օգնում է հեռացնել տոքսինները օրգաններից և հյուսվածքներից, ինչպես նաև կանխում է արյան մակարդումը: Սև պղպեղը արագացնում է նյութափոխանակությունն օրգանիզմում։ Ամբողջական սև պղպեղը կարելի է օգտագործել տարբեր արգանակների և այլնի պատրաստման ժամանակ։
Հաջորդ ամենահայտնի համեմունքը դարչինն է: Առանց դարչինի դժվար է պատկերացնել տարբեր տեսակի խմորեղեն, քաղցրավենիք և հրուշակեղեն։ Սակայն դարչինն օգտագործվում է ոչ միայն աղանդերի պատրաստման մեջ։ Այն կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, բարելավել արյան շրջանառությունը։
Օգտակար ու համով հարուստ համեմունքների ցանկում իր տեղն ունի կոճապղպեղը։ Կոճապղպեղի արմատն ունի հակամանրէային, հակաբորբոքային, մանրէասպան և հակասպազմոդիկ հատկություն։ Կոճապղպեղը բարերար ազդեցություն ունի նաև հոգեկան աշխարհի վրա՝ կօգնի դադարեցնել անհանգստությունը, կօգնի հանգստանալ սթրեսից և կթուլացնի հոգնածությունը։
Այնպիսի համեմունք, ինչպիսին քրքումն է, գործնականում ունի բուժիչ նշանակություն: Այն հարուստ է վիտամիններով և օգտակար տարրերով։ Քրքումը լավացնում է նյութափոխանակությունը, մեծացնում է արյան հոսքը, ինչը թույլ է տալիս օրգաններին ու հյուսվածքներին ապահովել օգտակար նյութերով և թթվածնով։ Նորմալացնում է լյարդի և լեղապարկի աշխատանքը։ Քրքումի կարևոր հատկություններից մեկն այն է, որ այն կարող է ճնշել քաղցկեղի բջիջների վերարտադրությունը։ Քրքումը հեռացնում է ավելորդ հեղուկն օրգանիզմից և նպաստում քաշի կորստին։
Որոշ համեմունքների հատկությունների մասին վերը նշված տեղեկատվության հիման վրա կարելի է համեմունք ընտրել ուտեստների համար՝ ելնելով ձեր առողջական խնդիրներից:
Ամենահայտնի համեմունքներն են՝ կարրի, համեմ, դարչին, մեխակ, մշկընկույզ, կոճապղպեղ, հիլ, անիսոն, մանանեխ, սպիտակ պղպեղ, սև պղպեղ, քրքում և շատ ուրիշներ։ Բայց հարկ է հիշել, որ համեմունքները նույնպես չպետք է չարաշահվեն՝ բացի օգուտներից, դրանք կարող են նաև վնասել։ Օրինակ՝ մեխակը հակացուցված է հղիներին, քանի որ այն հրահրում է արգանդի տոնուսը, իսկ քրքումը խորհուրդ չի տրվում ցածր ճնշում ունեցողներին։ Պապրիկան, դարչինը և կոճապղպեղը բացասաբար կանդրադառնան օրգանիզմի վրա երիկամների և լյարդի հետ կապված խնդիրների դեպքում։ Բայց մշկընկույզը չարաշահման դեպքում կարող է հանգեցնել սուր գլխացավերի և նույնիսկ հալյուցինացիաների։ Հետևաբար, համեմունքների օգտագործման հարցում, պետք է ողջախոհություն և չափավորություն դրսևորել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։