08/10/2022 17:04
Արցախի մասին չխոսելու Հայաստանի քաղաքականությունը շատ վտանգավոր է և շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ. Կարեն Միրզոյան
«Այն տեքստը, որը հրապարակվել է և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին, նշել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Հիշեցնենք՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունն արձանագրում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով՝ սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:
Հայտարարութունից հետո պարզվեց, սակայն՝ կողմերի «համաձայնությունը» բոլոր դրվագներով չի եղել․ Թվիթերի էջում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր՝ Պրահայում վերահաստատել է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու առաջարկը, իսկ «Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել»:
Կարեն Միրզոյանի գնահատմամբ՝ տեղի ունեցած ևս մեկ հանդիպման ընթացքում Ադրբեջանին հաջողվել է ամրագրել այն դրույթները, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում առաջ է մղում:
Ի դեպ, Պրահայի հայտարարության տեքստում որևէ կերպ չէր հիշատակվում Լեռնային Ղարաբաղը. Արցախի հարցը շրջանցելու հայկական կողմի քաղաքականության մասին հարցադրումներին ի պատասխան՝ Արցախի նախկին արտգործնախարարն ասել է՝ վտանգավոր է Արցախի մասին չխոսելու՝ Հայաստանի քաղաքականությունը:
«Այդ քաղաքականությունը՝ փորձել հասնել ինչ-ինչ անվտանգության երաշխիքների Արցախի հաշվին, ոչ միայն տապալված քաղաքականություն է, այլև վտանգավոր է և շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:
Մենք ականատես ենք, որ ադրբեջանական կողմը, չնայած հայկական կողմից առաջ քաշվող բազմաթիվ զիջումների, շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և հակառակը, ժողովրդական լեզվով ասած, ախորժակն ավելի ու ավելի է մեծանում: Այդ առումով, թյուրըմբռնումը, որ հնարավոր է հասնել ՀՀ անվտանգության՝ Արցախի հաշվին, ուղղակի հիմարություն է և շատ վտանգավոր է»,- ընդգծել է նա:
Ի դեպ, Պրահայում կայացած հանդիպումից ժամեր առաջ Իլհամ Ալիևը Թվիթերում ցուցադրել էր իր նկրտումները՝ գրելով․ «Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը»։