08/10/2022 10:02
«Փաստ». Ամենը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես են վեկտորը փոխում․ կամուրջներ այրո՞ւմ են, թե՞ ոչ
«Փաստ» թերթը գրում է. «Աշխարհն այսօր վերադասավորումների փուլում է, և, ըստ այդմ, Հայաստանի առջև նորանոր մարտահրավերներ են ի հայտ գալիս: Ընդ որում, խոսքը ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական մարտահրավերների մասին է, չնայած, դրանք, ըստ էության, փոխկապակցված են: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այսօր, ընդհանուր առմամբ, մի շարք մարտահրավերների առջև ենք կանգնած, որոնց մի մասն ակնհայտ է, մի մասը՝ բարդ կանխատեսելի: «Այո, աշխարհում վերադասավորումներ են տեղի ունենում, և այդ վերադասավորումների ֆոնին շատ դժվար է կանխատեսել, թե կոնկրետ որ ուղղությունից ինչ մարտահրավեր կարող է ծառանալ ՀՀ-ի առջև:
Բայց ակնհայտ է, որ ունենք անվտանգային խնդիր՝ կապված Ադրբեջանի՝ ոչ մի կերպ չզսպվող ու անընդհատ աճող պահանջների հետ: Մեր երկրից որևէ կերպ դրան համարժեք հակադարձում չկա: Այս ֆոնին գումարենք համաշխարհային էներգետիկ, պարենային ճգնաժամերը: Հաշվի առնենք նաև վերջին իրադարձությունները, որոնք ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները գուցե որոշեն արտաքին վեկտորների փոփոխություններ իրականացնել: Այս առումով մի քանի սցենար կարող է լինել: Եթե վեկտորի փոփոխություն է լինում, ու մենք ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս ենք գալիս, շատ լուրջ տնտեսական խնդիրներ կարող ենք ունենալ՝ կապված ՌԴ արտահանումների հետ: Կարող ենք խնդիր ունենալ նաև գազի գնի սակագների հետ:
Չգիտենք նաև՝ Իրանից կարո՞ղ ենք ներկրել, թե ոչ: Սրանք ենթադրություններ են, որոնք կարող են իրականանալ, կարող են և՝ ոչ: Ամենը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես են վեկտորը փոխում, կամուրջներ այրո՞ւմ են, թե ոչ: Բայց ակնհայտ է՝ կա ռիսկ, որ վերկտորի փոփոխությունը կարող է դեպի ՌԴ արտահանումների իսպառ բացակայության, ինչ-որ արգելանքների հանգեցնել: Խոսքը ՀՀ արտահանումների 1/3-ի մասին է: Սա լուրջ, աղետալի հետևանք կարող է ունենալ տնտեսության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը»։