08/10/2022 10:22
«Ժողովուրդ». Տնտեսական հեղափոխություն, իհարկե, տեղի չունեցավ. Փաշինյանը հերթական անգամ խաբել է հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը ամփոփում է պաշտոնավարման 100 օրը։ Փաշինյանը բազմաթիվ խոստումների թվում ասում է. «Հայաստանի Հանրապետությունում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է, այսինքն՝ մենք թևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան: Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու:
Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում»: Տնտեսական հեղափոխություն, իհարկե, տեղի չունեցավ:
2022 թվականին արդեն այս խոստումը լիովին տապալած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է. «Ինչպես տեսնում ենք, վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում անընդհատ. առաջինը Քովիդն էր, երկրորդը՝ աշխարհաքաղաքական զարգացումները և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս առումով, այո՛, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում»: Այսինքն՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ելույթ ունենալով և խոստումներ տալով՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։