10/10/2022 12:11
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաև միջազգային հանրության համար». ՔՊ-ն վստահեցնում է՝ միջանցքի մասին խոսք լինել չի կարող
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից վստահեցնում են՝ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։
«Պաշտոնական որևէ ձևաչափում, ընդհանրապես, միջանցք բառը, բացի Լաչինից, այլ համատեքստում չի կարող օգտագործվել։ ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման, բանակցման ենթակա չէ, ու ինչքան էլ սրա մասին խոսի Ալիևը կամ որևէ այլ պաշտոնյա, մենք պետք է հաշվի առնենք, որ սրանք կարող են լինել ցանկություններ, նկրտումներ, բայց սրանք երբեք չեն կարող տեղ գտնել պաշտոնական բանակցային գործընթացում։ Ես պաշտոնապես տեղեկացնում եմ՝ մեր ինքնիշխան տարածքից միջանցքի մասին չկա որևէ խոսակցություն որևէ պաշտոնական բանակցությունում», - ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Նա ընդգծեց՝ միջազգային հանրությունն ուղիղ ու աներկբա արձանագրել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաև միջազգային հանրության համար։
«Չի կարող խոսք գնալ որևէ միջանցքի մասին, որը կլինի ՀՀ ինքնիշխան տարածքում», - վստահեցրեց ՔՊ-ականը։
Խոսելով զորքերի հետքաշման մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե զորքերի հետքաշման պահանջն ամենաբարձր մակարդակով դրվել է թե՛ Հայաստանի կողմից, թե՛ միջազգային գործընկերների կողմից։
«Այո՛, քննարկումներով, միջազգային ճնշման միջոցով մենք պետք է Ադբեջանին ստիպենք, որ զորքերը հետ քաշեն։ Հույս ունենք, որ դեպի դրականը տեղաշարժ կլինի», - նշեց նա: