11/10/2022 19:52
Աճի հորմոնի ավելցուկը հանգեցնում է գիգանտիզմի
Այնպիսի օրգանական միացություններ, ինչպիսիք են հորմոնները, անհրաժեշտ են օրգանիզմի գործառույթները վերահսկելու, նրա զարգացումը համակարգելու և կարգավորելու համար։ Յուրաքանչյուր հորմոն ունի իր հատուկ առաջադրանքը. աճի հորմոնը, հատկապես, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այս կենսաբանական նյութի կարևորությունը, ինչպես նաև դրա դեֆիցիտի հետևանքները զգալի են մարդու օրգանիզմի համար։
Մարդու սոմատոտրոպինը պեպտիդային հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի գեղձի, մասնավորապես՝ նրա առաջի բլթի կողմից: Կարևորությունը կայանում է նրանում, որ այն նպաստում է մարդու կմախքի աճին, հյուսվածքների ամբողջականության պահպանմանը, քաշի ավելացմանը, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը՝ ուղեղի լիարժեք գործունեության համար: Կարելի է ասել, որ այս հորմոնը արագացնում է փափուկ հյուսվածքների ու ոսկորների աճը, միաժամանակ խթանում է օրգանիզմում ճարպային հյուսվածքի քայքայումը։ Բայց գլյուկոզայի վրա այս նյութն ունի ինսուլինին հակառակ ազդեցություն, այսինքն՝ խանգարում է հյուսվածքների կողմից դրա կլանմանը։
Աճի հորմոնի մակարդակը կտրուկ իջնում է ուտելուց հետո, իսկ հորմոնի արտադրությունն ավելանում է հիպոգլիկեմիայի, խորը քնի կամ ֆիզիկական աշխատանքի ժամանակ։
Աճի հորմոնը ակտիվացնում է ոսկորների աճը՝ հատկապես երիտասարդների սեռական հասունացման ժամանակ: Այնուամենայնիվ, այստեղ կարևոր է, որ այս օրգանական միացությունները նորմալ արտադրվեն, հակառակ դեպքում աճի հորմոնի արտադրության ավելացումը հանգեցնում է գիգանտիզմի զարգացմանը: Իսկ աճի հորմոնի պակասի դեպքում կարող է զարգանալ գաճաճություն։
Կան ցուցումներ, որոնց համար անհրաժեշտ է հետազոտություն անցնել և որոշել արյան մեջ այս հորմոնի մակարդակը։ Դրանք ներառում են՝ աճի արագացված տեմպ կամ հակառակը, դանդաղ աճ, օստեոպորոզ, մազերի աճի խանգարում, քրտնարտադրության ավելացում և հիպոգլիկեմիայի հակում: Օրգանիզմում աճի հորմոնի պակասի կամ ավելցուկի հայտնաբերման դեպքում բժիշկը նշանակում է համարժեք բուժում։ Այսպիսով, աճի հորմոնի ավելցուկի դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել դեղամիջոցներ, որոնք ճնշում են սոմատոտրոպինի սեկրեցումը, իսկ այս հորմոնի դեֆիցիտի դեպքում խորհուրդ են տալիս ընդունել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դրա սեկրեցումը։
Հետաքրքիր է, որ սոմատոտրոպ հորմոնը լայն տարածում է գտել մարզիկների շրջանում, քանի որ երբ այն օգտագործվում է որպես ներարկում, արագ կառուցվում է մկանային զանգված և զգալիորեն մեծանում մկանների ծավալը:
Աճի հորմոնի վրա հիմնված դեղամիջոցներ օգտագործելիս պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ սոմատոտրոպինի ամենակարևոր կողմնակի ազդեցություններից են՝ հիպոթիրեոզը և շաքարախտի զարգացման վտանգը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։