11/10/2022 15:17
Ամֆետամինային և էֆեդրոնային սուր թունավորում. Թմրանյութերի օգտագործումը հաճախ ուղեկցվում է մահով
Ամֆետամին թմրանյութից առաջացող սուր թունավորումը պատճառ է դառնում վարքային մի շարք խանգարումների։ Ներերակային ընդունման դեպքում սուր թունավորումն ընթանում է երկու իրար հաջորդող փուլերով` հեդոնիստական ռեակցիա և էյֆորիա։ Սոմատովեգետատիվ նշանները դրսևորվում են դողով, առատ քրտնարտադրությամբ, բիբերի լայնացումով, զարկերակային ճնշման բարձրացմամբ, գլխապտույտով, առիթմիայով, ջերմության բարձրացմամբ և ախորժակի վատացմամբ։ Թմրանյութի բարձր քանակի դեպքում հնարավոր են ցնցումներ, սիրտ-անոթային կոլապս, շնչառության վատացում և մահ։
Կանոնավոր և տևական օգտագործման դեպքում ամֆետամինի խթանիչ ազդեցությունն անհետանում է և հարկ է լինում ավելացնել քանակը։ Այս դեպքում զարգանում է ֆիզիկական կախվածություն ամֆետամինից։ Այն ճնշում է ախորժակը և քնի պահանջը։
Առաջանում են հոգեկան խանգարումները, որոնք դրսևորվում են տեսողական և լսողական ցնորքներով, հետապնդման զառանցանքով, էքստազով, դեպերսոնալիզացիայի նշաններով, և այլն։ Խանգարումը կարող է տևել 2-3 շաբաթ։
Հետթունավորման շրջանն ընթանում է ընկճված տրամադրությամբ, դիսֆորիայով, տագնապայնությամբ, գլխացավերով, ջարդվածության զգացումով։ Խրոնիկական թունավորումը հյուծում է օրգանիզմը։
Թունավորման աբստինենցիայի համախտանիշը բնութագրվում է հոգնածությամբ և մարմնի ջարդվածության զգացմամբ, քնկոտությամբ՝ ցերեկը, և անքնությամբ՝ գիշերը, զարկերակային ճնշման իջեցումով և անկայունությամբ։ Դեպքերի մի մասն ընթանում է ասթենիկ և ասթենո-դեպրեսիվ խանգարումներով, երբեմն՝ ինքնամեղադրման մտքերով և սուիցիդալ փորձերով։ Այլ դեպքերում գերիշխում են դյուրագրգռությունը, ինքնավնասման մղումներով հիստերիկ ռեակցիաները։ Դադարեցման համախտանիշի տևողությունը 2-3 շաբաթ է։
Էֆեդրոնային թմրամոլությունը նույնպես շատ տարածված է և բացասական ազդեցությամբ չի զիջում ամֆետամինին։ Հիմնականում, այն գործածվում է ներերակային եղանակով։ Թունավորումն ընթանում է 2-5 օրական փուլերով՝ 5-10 օր տևողությամբ ընդմիջումներով։
Սուր թունավորումը՝ արտահայտված ռելաքսացիայով, էյֆորիայով, մարմնի քաշի կորստով։ Այս վիճակին հետևում է շարժողական և խոսքային գրգռվածությունը, էներգիայի և ուժի ներհոսքի զգացումը, ժամանակի զգացողության կորուստը։ Սոմատովեգետատիվ բնորոշ խանգարումներից բացի բավականին բնորոշ են անորեքսիան և միզակապությունը։ Սկզբնական շրջանում սուր թունավորումը տևում է մինչև 6-7 ժամ, սակայն հետագայում այն զգալիորեն պակասում է։
Գերդեղաչափերը բերում են արտահայտված թմրության և սուր մարմնական խանգարումների` ցավեր սրտի շրջանում, շնչահեղձություն, էպիգաստրալ դիսկոմֆորտ, հաճախասրտություն, հիպերթերմիա, հիպերտոնիա։ Այս խանգարումներն ուղեկցվում են արտահայտված վախով։