11/10/2022 15:27
Ոգևորող է, որ Ֆրանսիան նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջև ծառացած խնդիրների նկատմամբ. Արման Եղոյան
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիեն Դըլոգյուին։
«Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում: Ոգևորող է, որ Ֆրանսիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում է և նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջև ծառացած խնդիրների նկատմամբ»,-ասել է Եղոյանը։
ՔՊ-ական պատգամավորն ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կասեցման և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:
Հանձնաժողովի նախագահը, հանգամանորեն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, կարևորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները:
Արձանագրելով, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանն առերեսվել է բազում բարդ մարտահրավերների՝ Սեբաստիեն Դըլոգյուն ասել է, որ Հայաստանում է, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին:
Արման Եղոյանը նշել է, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ ընդգծելով նաև միջխորհրդարանական սերտ շփումների անհրաժեշտությունը: