11/10/2022 18:00
ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում ենք որպես Մոսկվայի ջանքերը ստվերելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու հերթական փորձ․ Զախարովա
Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելը դիտարկում է որպես փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի ջանքերն ու միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սրանում մենք տեսնում ենք, ցավոք, Եվրամիության հերթական փորձը՝ ամեն կերպ միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հետ մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում խաղաղության «բանալի» է համարել եռակողմ պայմանավորվածությունները։
«Մենք ելնում ենք նրանից, որ Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարատև կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործումն է»,- հայտարարել է Զախարովան։